Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զակիր Գասանովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակին առնչվող հարցեր է քննարկել Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Գասանովը հյուրին տեղեկակցրել է, որ «միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներն արդեն 20 տարուց ավելի օկուպացված են»:
Նա նաև հերթական անգամ հայկական կողմին մեղադրիել է սադրանքների և շփման գծում իրադրության սրման փոսրձի համար, հիշեցրել ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին: «Սակայն Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ չեն ճանաչում միջազգային հանրության այդ պահանջները և շահագրգռված են առկա ստատուս-քվոյի պահպանմամբ»:
Զալբերն, իր հերթին, նշել է, որ ԵՄ հակամարտության խաղաղ ճանապարհով շուտափույթ կարգավորման կողմնակից է` Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովման համար, և նպատակահարմար է գտնում բանակցությունների շարունակումն այդ ուղղությամբ:
Նշենք, որ նախորդ շաբաթ Զալբերն այցելել էր Հայաստան և հանդիպումներ անցկացրել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Այցի նպատակը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումն էր, որոնց թվում էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: