Արմինֆո. ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ՙկրկին կբացի ծալած էջը՚, եթե անհրաժեշտություն լինի: Այդ մասին Ծառուկյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք վերադառնալ մեծ քաղաքականությունը:
Նա նշել է, որ փետրվարի 12-ին հեռացել է մեծ քաղաքականությունից, քանի որ իր քաղաքական գործունեությունը կարող էր արյունահեղության հանգեցնել: ՙԵս՝ որպես մարդ, ում վստահում է ժողովուրդը, չէի կարող թույլ տալ դա, քանի որ ես սիրում եմ իմ ժողովրդին, հարգում նրան և փորձում աջակցել ամեն բանում՚,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ հայ հասարակությունը նույնպես հարգանքով է վերաբերում իր անձին և ցանկանում է իր վերադարձը մեծ քաղաքականություն:
Ծառուկյանը հավաստիացրել է, որ իրեն փառք կամ որևէ քաղաքական պաշտոն պետք չէ, և եթե վերադառնա քաղաքականություն, ապա՝ անհրաժեշտությունից ելնելով: ԲՀԿ նախկին առաջնորդը նաև նշել է, որ բարի և ներող մարդ է, հետևաբար՝ ներում է բոլորին, ովքեր քաղաքականությունից իր հեռանալու ընթացքում վիրավորել են իրեն: ՙՈւժեղ մարդիկ չար չեն լինում: Ես ներում եմ բոլորին: Անհրաժեշտ է երկրորդ շանս տալ մարդկանց՚,- նշել է Ծառուկյանը:
Քաղաքական գործիչը մեկնաբանել է նաև կառավարությունում փոփոխությունները: Մասնավորապես, նա հայտարարել է, որ անձամբ ծանոթ է վարչապետ Կարեն Կարապետյանին և հարգանքով է վերաբերում նրա գործունեությանը: ՙՀանգիստ եղեք, նա գիտի, թե ինչ է անում՚,- ասել է նա:
Նշենք, որ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով իշխանություններին մոտ աղբյուրները, արդեն հայտնել է, որ ակտիվ քաղաքականություն Ծառուկյանի վերադարձի հարցն արդեն լուծված է: Նման պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության և ՀՅԴ հետ միասին կոալիցիայում ԲՀԿ-ին տեղ ապահովելու նպատակով:
Արդեն հող է նախապատրաստվում մեծ քաղաքականություն Ծառուկյանի վերադարձի համար: Հոկտեմբերի 24-ին Ծառուկյանի տան մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ կոչ անելով նրան վերադառնալ քաղաքականություն:
Ավելի վաղ Ծառուկյանն իշխանությունների ճնշման ներքո ստիպված էր հեռանալ քաղաքականությունից, այն բանից հետո, երբ հայտարարեց իր գլխավորած ԲՀԿ-ի՝ արմատական ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին: