Արմինֆո. ՙՄուլտի գրուպ կոնցեռնի՚ տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը հավաստում է, որ կոնցեռնի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ծրագրերում մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չկա:
Լրագրողների հետ զրույցում Առուստամյանը, մասնավորապես, հայտարարել է. ՙԵթե դա իրական լինի, Գագիկ Ծառուկյանն ինքը կհայտարարի այդ մասին: Տվյալ փուլում այդ առնչությամբ ոչ մի խոսակցություն չի եղել, որևէ մտադրություն, որքանով ես գիտեմ, չկա: Իսկ ես հաստատ գիտեմ՚,- հայտարարել է նա:
Մինչդեռ ԱրմԻնֆո-ի՝ իշխանություններին մոտ աղբյուրները հավաստում են, որ արդեն ընթացիկ տարվա նոյեմբերին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության համագումարի ժամանակ Ծառուկյանը կհայտարարի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին և կզբաղեցնի ԲՀԿ նախագահի պաշտոնը: Աղբյուրի համաձայն, նման պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության և ՀՅԴ հետ միասին կոալիցիայում ԲՀԿ-ին տեղ ապահովելու նպատակով:
Արդեն հող է նախապատրաստվում մեծ քաղաքականություն Ծառուկյանի վերադարձի համար: Նախօրեին Ծառուկյանի տան մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ խնդրելու նրան վերադառնալ քաղաքականություն:
Ավելի վաղ Ծառուկյանն իշխանությունների ճնշման ներքո ստիպված էր հեռանալ քաղաքականությունից, այն բանից հետո, երբ հայտարարեց իր գլխավորած ԲՀԿ-ի՝ արմատական ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին: