Արմինֆո. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայ ազգային կոնգրեսին խորհուրդ է տվել լուծել կուսակցության ներսում տարաձայնությունները և դրանից հետո միայն հանդես գալ ընդդիմադիր դաշտի համախմբման կոչերով: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով 2017 թվականին իշխանափոխություն իրականացնելու համար ընդդիմադիր դաշտի համախմբման վերաբերյալ ՀԱԿ կոչին:
Ըստ որում, նա կասկած է հայտնել ընդդիմության համախմբման հնարավորության առնչությամբ՝ այդ համագործակցության համար գաղափարական հենքի բացակայության պատճառով: Նրա խոսքով, ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնական պայքարը ծավալվեց ոչ թե ընդդիմության և իշխանության, այլ, որքան էլ տարօրինակ է, ընդդիմադիր ուժերի միջև, հետևաբար՝ որևէ համախմբման մասին անտեղի է խոսել: ՙՀԱԿ-ը ճգնաժամի մեջ է, և ինչ-որ հայտարարությամբ հանդես գալուց առաջ պետք է լուծի խմբակցության ներսում առկա խնդիրները: Միանում են ազդեցիկ քաղաքական ուժերին, ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ն այդպիսին չէ՚,- ընդգծել է նա:
Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քաղաքական ուժերի հետ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Կուսակցությունում գտնում են, որ միայն ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով է հնարավոր հասնել իշխանափոխության: