Արմինֆո. ԱՄՆ նախագահական ընտրություններից Հարավային Կովկասում առանձնակի փոփոխություններ սպասել պետք չէ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
ՙԱրցախյան խնդիրը տվյալ փուլում երկրորդական նշանակություն ունի ուժի կենտրոնների համար՝ հաշվի առնելով, որ վերջիններիս ուշադրությունը կենտրոնացած է աշխարհի առավել թեժ կետերի վրա՝ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և, փոքր-ինչ այլ իմաստով, նույնիսկ Չինաստանում: Առավել ևս, որ Հալեպի և Մոսուլի շուրջ ռազմական գործողությունները, նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, միայն ակտիվանում են՚,- նշել է նա:
Ըստ որում, վերլուծաբանը չի բացառում Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրացումը՝ ամենից առաջ Իլհամ Ալիևի գիտակցված հանցավոր վարքագծի պատճառով, ով փորձում է ստեղծվող աշխարհաքաղաքական իրավիճակն, ամենից առաջ Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով, օգտագործել ի շահ իրեն: Այնուամենայնիվ, Արզումանյանը հուսով է, որ Ադրբեջանի նախագահի հանցավոր հակումների դրսևորումները, այնուամենայնիվ, կսահմանափակվեն լոկալ ընդհարումներով:
ՙԿարծում եմ, որ ամենից առաջ մենք պետք է զգոնություն ցուցաբերենք՝ նայելով դեպի հյուսիս, քանի որ այսօր անկանխատեսելի է Ռուսաստանի քաղաքականությունը, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ի: Բնականաբար, Հայաստանը չպետք է մոռանա նաև ոչ ադեկվատ պահվածք դրսևորող Թուրքիայի մասին, որն, ի դեմ, այսօր հանդիսանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական գործընկերը ՚,- ամփոփել է վերլուծաբանը: