Արմինֆո. Վերջին տարիներին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղարար գործընթացով: Այդ մասին այսօր Երևանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնարինության վերաբերյալ Քերիի հայտարարությունը:
Նա հիշեցրել է, որ հենց Քերին 2014 թ. Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախաձեռնեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան խնդրի քննարկման համար, անցած տարի Վիեննայում կողմերի հանդիպման նախաձեռնողը նույնպես նա էր:
ՙԱՄՆ-ը Ռուսաստանից և Ֆրանսիայից համանախագահների հետ միասին պատրաստ է առաջ ընթանալ և աջակցել հակամարտության կարգավորմանը: Ես Բաքվում էլ ասել եմ՝ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Բանակցությունների սեղանին պատրաստի առաջարկներ են, անհրաժեշտ է շարունակել բանակցությունները՝ հիմնախնդրի համապարփակ կարգավորման հասնելու նպատակով: Մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից քաղաքական կամք ենք սպասում բանակցային գործընթացի առաջմղման համար՚,- նշել է ամերիկացի միջնորդը:
Խոսելով ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի մասին՝ Ուորլիքն ընդգծել է, որ կարգավորումը պետք է համապարփակ լինի: Նրա խոսքով, չի կարելի ընդհանուր փաթեթից առանձին տարրեր առանձնացնել: ՙԵթե խոսում ենք տարածքներ վերադարձնելու մասին, չի կարելի մի կողմ թողնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, անտեսել փախստականների խնդիրը: Եթե պայմանավորվածություն չկա բոլոր կետերի շուրջ, այդ փուլում կարգավորումն անհնար է՚,- նշել է ամերիկացի միջնորդը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Նրա խոսքով, այսօրվա աշխարհում կան սառեցված հակամարտություններ, այդ թվում նաև ԼՂ հակամարտությունը, որոնցում ներկայումս կարգավորման հնարավորությունները դեռ չեն դիտվում, և առաջին հերթին այն պատճառով, որ «ղեկավարները դրան պատրաստ չեն՚: