Արմինֆո. ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության մի փոքր մասն է միայն, և, անշուշտ, կարևորություն է ներկայացնում Մոսկվայի, այլ ոչ թե՝ Երևանի համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որում Բելառուսը ստանձնեց Կազմակերպությունում նախագահությունը: Կազմակերպության ղեկավարների երեք ժամ տևած դռնփակ շփման արդյունքում ստորագրվեց ավելի քան 20 փաստաթուղթ, մասնավորապես` ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման մասին, ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակի մասին, մինչև 2025 թիվը հավաքական անվտանգության ռազմավարության մասին: Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ պայմանավորվածության այդպես էլ չհաջողվեց հասնել, այդ պաշտոնին մնաց Նիկոլայ Բորդյուժան:
ՙԱյս առումով ես հակված չեմ այդ կազմակերպությունը համարել բացառապես ֆորմալ կառույց: ՀԱՊԿ-ը բավականին արդյունավետ մեխանիզմ է Մոսկվայի ձեռքում, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ապահովել Ռուսաստանի ռազմական միջամտությունը և ներկայությունը Մոսկվայի քաղաքականության եվրոպական, կովկասյան և կենտրոնաասիական ուղղություններում՚,- նշել է նա:
Վերլուծաբանը նաև Ռուսաստանին բնորոշել է որպես ՀԱՊԿ առանցք՝ նշելով, որ այդ կազմակերպությունն ընդհանուր առմմաբ բավական արդյունավետորեն սպասարկում Մոսկվայի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերը: