Արմինֆո. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացիների սպանության հետքերը բերում են Երևան:
Նա հիշեցրել է, որ սպանվածները ժամանակին աշխատել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձեռնարկություններում և նրան մեղադրել են բիզնեսը խլելու և իրենց ազատությունից զրկելու համար: Փաստի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, և սպանվածներն անցնում էին որպես հիմնական վկաներ: Հաշվի առնելով այդ ամենը` պարզ է դառնում, որ սպանությունը պատվիրված է, և դրա հետքերը բերում են Երևան, նշել է պատգամավորը: Փաշինյանը Հայաստանի քննչական մարմիններին, ինչպես նաև Ազգային ժողովին առաջարկել է զբաղվել այդ գործով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Մոսկվայի ոստիկանությունը Հայաստանի քաղաքացի Հասմիկ Նշանյանից ահազանգ էր ստացել, որ վերջինս հոկտեմբերի 17-ից չի կարողանում կապվել Մոսկվայում բնակվող իր եղբոր` Էդուարդ Նշանյանի հետ: Նրա բնակության վայր մեկնած օպերատիվ խումբը բնակարանում երկու դիակ էր հայտնաբերել: Պարզվել է, որ մեկն Էդուարդ Նշանյանի, մյուսն Արմեն Իսրայելյանի դիակներն են` գլխի շրջանում հրազենային վիրավրումներով: Տեղում հայտնաբերվել են յոթ 5.45 մմ պարկուճ և երկու փամփուշտ: Սպանության համար կասկածվում է Հայաստանի քաղաքացի, ում ձերբակալելու նպատակով ձեռնարկվել են օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Ավելացնենք, որ սպանվածներից մեկը` Արմեն Իսրայելյանը (մականունը Ձկնկուլ), ավելի վաղ իր նախկին գործատու Սամվել Ալեքսանյանին մեղադրել էր իրեն առևանգելու և իր բիզնեսը խլելու համար: Փաստի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, ավելի ուշ Իսրայելյանը հրաժարվել էր իր ներկայացրած մեղադրանքից: Երկրորդ սպանվածը` Էդուարդ Նշանյանը (Ճուտ), նույնպես ժամանակին աշխատել է Սամվել Ալեքսանյանի մոտ: