Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի երկիր չի կարող այնպիսի դրական դեր խաղալ, ինչպես Իրանը, սակայն այժմ Թեհրանի միջնորդության հարցն օրակարգում չէ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին:
Նա նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանը միջնորդի կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ՙՄեզ հաջողվել է հասել Լեռնային Ղարաբաղում առաջին հրադադարին: Սակայն, որոշ երկրների սադրանքի պատճառով հրադադարի ռեժիմը տևական չէր՚,- նշել է իրանցի դիվանագետը, հայտնում է ԱՊԱ-ն: Քասեմին ասել է, որ Երևան Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա այցի ժամանակ միջնորդության հարցը չի քննարկվի:
Նրա խոսքով, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները: «Իմ ունեցած տվյալներով, այժմ միջնորդության հարցն օրակարգում չէ: Հուսով եմ, որ տարածաշրջանի համար վտանգ ներկայացնող այդ խնդիրը մոտ ժամանակներս արդարացիորեն կլուծվի՚,- ասել է նա։