Արմինֆո.Ֆրանսիայի Ազգային կրթության եւ բարձրագույն ուսման նախարար Նաժատ Վալո-Բելքասեմը հանդես է եկել ցեղասպանությունների եւ զանգվածային ոճիրների ուսումնասիրության հատուկ առաքելույթուն ստեղծելու նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդել է Ֆրանսիայում հրատարակվող «Հառաջ» թերթը, առաքելությունը վստահված է Ազգային կրթության ընդհանուր քննիչ Վենսան Դյուքլերին: Նա պետք է գլխավորի 12 տարբեր երկրների 46 քաղաքացիներից բաղկացած խումբը: Առաքելության անդամները պատմության, սոցիոլոգիայի, մարդաբանության մասնագետներ են, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ, իրավաբաններ, լրագրողներ կամ հոգեվերլուծաբաններ: Խումբը պետք է ցեղասպանությունների եւ զանգվածային ոճիրների մասին տեղեկագիր պատրաստի, որպեսզի հնարավոր լինի դյուրացնել դրանց ըմբռնումը եւ կանխարգելման նոր ձեւեր ստեղծել: Առաքելությունն իր եզրակացությունները պետք է ամփոփի մեկ տարվա ընթացքում: Նախարարը նշել է, որ այդպիսով ուզում է «արդար հիշողության քաղաքականություն» վարել: