Արմինֆո. Հայաստանի նոր կառավարության ծրագրի մեջ բավական մանրամասն և պրագմատիկորեն գրված է, թե ինչ ենք նախատեսում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցում:
Անդրադառնալով կառավարության առաջնային հարցերին, վարչապետը հայտարարել է. «…ես երևի ավելի շատ կկարևորեի այն անհրաժեշտությունը, որ Կառավարություն և հասարակություն փոխադարձ կապը ստեղծվեր, որոշակի վստահություն առաջանար: Դա, իհարկե, առաջին հերթին մեզանից է կախված, թե ինչ գործողություններ կիրառենք, որովհետև երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն Կառավարության խնդիրն է, այլև յուրաքանչյուր քաղաքացու: Ես չեմ ուզում մեր վրայից պատասխանատվությունը գցել և ասել, թե քաղաքացին պատրաստ չէ փոխվել կամ իր բեռը վերցնել: Բայց երևի ամենակարևոր խնդիրներից մեկն այդ վստահությունը ձեռք բերելն է, այդ փոխադարձ կապը ձևավորելը, որպեսզի քաղաքացին վստահ լինի, որ իր քաղաքացիական դիրքորոշումն ակտիվ դրսևորելով՝ ինքն օգուտ կբերի գործին»:
Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-եորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: «Մեր կարծիքով մանրամասն գրել ենք, թե ինչ գործողություններ ենք անելու, որպեսզի այդ հնարավորությունը մինիմումի բերենք թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում», - ընդգծել վարչապետը: Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն այս պահին անհրաժեշտ կառույց է: «Մենք պետք է ֆիքսենք, որ այն կառույցները և այն միջավայրը, որը որ կա, իդեալական չէ, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ: Մենք հիմա փորձում ենք այնտեղ ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի և դաշտը բաց լինի, և կառավարության անդամները, ճիշտ ասած, իրենց առօրյայի մեջ այնքան զբաղված են կամ այնքան զբաղված պետք է լինեն, որ գուցե և արտաքին դաշտից ազդակները չստանան», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: