Արմինֆո. ԱՄՆ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` հոկտեմբերի 22-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ուորլիքը նշել է, որ Քերին նվիրված է հակամարտող կողմերի հետ աշխատանքին` հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Նրա ասելով, կարևոր է, որպեսզի հակամարտող կողմերը նույնպես նվիրված լինեն հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհ գտնելուն ուղղված աշխատանքին: «Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է աշխատել բանակցությունների և սեղանին գտնվող առաջարկությունների ուղղությամբ, ինչպես նաև` Հայաստանի ղեկավարի հետ հետագա քննարկումների: Մենք կցանկանայինք հետևել Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին, թեև դեռ կան պահեր, որոնց վրա աշխատանքը անհրաժեշտ է շարունակել: Մենք այդ ամենը կքննարկենք արդեն նախագահների հաջորդ հանդիպմանը», - ասել է Ուորլիքը: