Արմինֆո.ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարչապետ Կարեն Կարապետյանին և նախարարների կաբինետի անդամներին կոչ է արել կառավարության ծրագիրն իրականացնելիս հաշվի առնել հայ հասարակության մտավախությունները:
Նրա խոսքով, հայ հասարակությունում կարծիքների մոնիտորինգը ցույց է տվել, որ երկրի քաղաքացիների առաջին մտավախությունը վաղվա օրվա հանդեպ անվստահությունն է: ՙԵրկրորդ տեղում իրավական տեսակետից պաշտպանվածության հարցում անվստահությունն է և միայն երրորդ տեղում սոցիալ-տնտեսական խնդիրներն են. անհրաժեշտ է հաշվի առնել այս գործոնները՚,- ընդգծել է նա:
Բաղդասարյանը նաև կոչ է արել ընդդիմությանն ավելի լավատես լինել և դադարեցնել կառավարության առաջիկա ձախողման մասին խոսակցությունները: ՙԵթե վարչապետը նման բարդ պայմաններում իր վրա է վերցրել այդ ծանր բեռը, նա վճռական է տրամադրված և անպայման կհասնի հաջողության՚,- նշել է նա՝ հաջողություն մաղթելով կառավարությանը և Կարապետյանին:
Նշենք, որ խորհրդարանը 85 «կողմ», 5 «դեմ» և 7 «ձեռնպահ» ձայներով հավանություն է տվել Կարեն Կարապետյանի կաբինետի ծրագրին: Հոկտեմբերի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարության հիմնական խնդիրն առաջիկա երեք տարիներին կլինի արդար, հասկանալի և մրցակցկային պայմանների ձևավորումը, որոնք պետք է դառնան շարժիչ ուժ երկրի առաջընթացի համար: Նրա ասելով, բարեխիղճ գործարարը երկում իրեն պաշտպանված պետք է զգա: Վարչապետն ընդգծել էր, որ տնտեսության վիճակն իմաստավորելու, դրա ներուժը գնահատելու նպատակով առկա է դրա ախտորոշման անհրաժեշտություն: Նա ավելացրել էր, որ երկիրն արմատական բարեփոխումների կարիք ունի: Ընդ որում, գործադիր մարմինը մտադիր է այդ գործընթացն սկսել իրենից` լինելով հասարակությանն առավելագույնս մոտ: Վարչապետը հաղորդել էր, որ կառավարության կայքում կհայտնվի առանձին էջ վարչապետին դիմելու համար: «Ոչ մի դիմում անպատասխան չի մնա», - պատգամավորներին հավաստիացրել էր Կարեն Կարապետյանը: