Արմինֆո. ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը քննադատության է ենթարկել նախարարների նոր կաբինետի ծրագիրը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով վարչապետ Կարեն Կարապետյանին ՙշատ դրական քայլի՚՝ կոռուպցիոներների և հանցագործների հրաժարականների համար:
Ըստ որում, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ հիմնական թերությունը կառավարության ծրագրում տնտեսության ներկայիս վիճակի մանրամասն վերլուծության բացակայությունն է: ՙՓաստաթղթում ոչինչ չի ասվում պետության պարտքային բեռի 4 անգամ ավելացման, վերջին 4 տարում ներդրումների 7 անգամ կրճատման, կապիտալի, բիզնեսի և մարդկային ռեսուրսի արտահոսքի մասին՚,- նշել է ընդդիմադիր գործիչը:
Այնուհետև նա նշել է, որ Հայաստանի նախորդ կառավարությունների ծրագիրը, ինչպես և Կարեն Կարապետյանի կաբինետի ներկայացրած փաստաթուղթը հիշեցնում են բարի մտադրությունների հռչակագիր: ՙԻնչպես տեսնւոմ ենք, այդ խոստումների մեծ մասն այդպես էլ թղթի վրա է մնացել, ի՞նչ երաշխիք կա, որ կառավարության նոր ծրագրի դրույթները նույն ճակատագրին չեն արժանանա՚,- նշել է Մանուկյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին նշել է, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ: ՙՀամաձայն հիմնական օրենքի՝ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններից հետո: ՀԱԿ-ի հետ նման խորհրդակցություններ չեն անցկացվել՚,- հայտարարել է նա:
Այնուհետև Զուրաբյանը, երախտագիտություն հայտնելով վարչապետին կոռուպցիոներների և հանցագործների հրաժարականների համար, կասկածի է ենթարկել իշխանության շարքերում անօրինականությունն արմատախիլ անելու վերջինիս մտադրությունը: ՙԴեռ որևէ առիթ չկա՝ հավատալու Կարապետյանի մտադրությունների անկեղծությանը: Այդ ամենն արվում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության ՙդեմքը՚ փրկելու համար, որպեսզի իշխանությունը կարողանա ավելի հեշտ հաղթանակ տանել ընտրություններում: Իսկ ընտրություններից հետո վերարտադրված իշխանությունը կշարունակի թալանել ժողովրդին՚,- կանխատեսել է Զուրաբյանը: Զուրաբյանին դուր չի եկել նաև այն, որ նոր վարչապետն իրենից առաջ կառավարությունում չարաշահումների հետաքննություն չի սկսել: