Արմինֆո.«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը, ով մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու համար, դադարեցրել է հացադուլը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի ասելով, իր պաշտպանյալը հացադուլը դադարեցրել է բժիշկների հորդորով, քանի որ հացադուլի ընթացքում դեղերի ընդունումը դադարեցնելու հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է փաստաբանը, Եղնուկյանը մտադիր է շարունակել պայքարը և ներկա լինել գործին առնչվող բոլոր դատական նիստերին:
Ինչպես արդեն հաղորդել ենք, նախօրեին «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը Կարո Եղնուկյանին կոչ են արել դադարեցնել հացադուլը: Հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից Եղնուկյանին հղած նրանց նամակում, մասնավորապես, ասվում է. «Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է: Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն: Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան: Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձևերով ծառայելու ուղղությամբ»:
Ավելի վաղ Կարո Եղնուկյանի դուստրը` Էլմոնը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ հցադուլի 13րդ օրը Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում և խիստ թուլություն է զգում։ «Խոսում է մեծ դժվարությամբ։ Բժիշկները և ընտանիքի անդամները թախանձագին խնդրում են Կ.Եղնուկյանին դադարեցնել հացադուլը քանի որ նրա կողմից երկար ժամանակ օգտագործվող դեղերի ընդունման դադարեցնելը մեծ ռիսկայնություն է պարունակում, և առողջական վիճակի կտրուկ վատթարացումը դրա հետ է կապված։ Հացադուլի շարունակումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ և վտանգում է նրա կյանքը», - ընդգծել է Էլմոն Եղնուկյանը: Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նույնպես նրան կոչ էր արել դադարեցնել հացադուլը։ Ավլի վաղ դատարանը մերժել էր Կարո Եղնուկյանին 1 մլն դոլար գրավի դիմաց կալանքից ազատելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը ձերբակալվել էր հուլիսի 20-ին, հուլիսի 22-ին նրան կալանաավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Նա մեղադրվում է «Սասնա Ծռեր» զինված խմբավորմանն աջակցելու համար: Կարո Եղնուկյանն ընտանիքի հետ միասին ԱՄՆ-ից Հայաստան է տեղափոխվել 2009 թվականին: Նրանք ԱՄՆ քաաղքացիներ են: 57-ամյա Կարո Եղնուկյանը 5 զավակ ունի: