Արմինֆո. Խաղի հավասար պայմանները կարող են արմատախիլ անել Հայաստանի շուկայի արհեստական մենաշնորհները: Հոկտեմբերի 20-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մասնավորապես, պատասխանելով, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե վարչապետն ինչպես է մտադիր պայքարել հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «շաքարի մենաշնորհի», ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի «բանանային մենաշնորհի», նախագահի փեսա Միքայել Մինասյանի «մեդիա մենաշնորհի» դեմ, վարչապետը հայտարարել է. «Մենաշնորհների դեմ պայքարի եղանակները պարզ են. մենք կստեղծենք խաղի հավասար պայմաններ: Ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչպես է ձևավորվել այս կամ այն մենաշնորհը, սակայն նոր պայմաններում կմնան այն խաղացողները, որոնք կկարողանան հաջողության հասնել», - ընդգծել է նա, չբացառելով, որ մենաշնորհների ձևավորման գործում եղել է վարչական միջամտություն:
Պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի անձին, և արդյոք շարունակելու է նրա քաղաքական գիծը, Կարեն Կարապետյանը նշել է, որ հարգանքով է վերաբերվում նախագահին: «Ինձ հենց Սարգսյանն է հրավիրել ստանձնելու այս պաշտոնը, հետևաբար, կշարունակեմ գիծը», - ընդգծել է վարչապետը, ընդ որում խորհուրդ տալով հարցնել նախարարներին, թե նրանք ում են համարում առաջնորդ` նախագահին թե իրեն: Կարապետյանը նաև չի համաձայնել Փաշինյանի այն պնդումներին, որ իր ղեկվարության օրոք «ՀայՌուսգազարդն» ունեցել է գերնորմտիվային կորուստներ:
Նշենք, որ վարչապետը խորհրդարանին ներկայացնում է կառավարության ծրագիր, որի գերակայությունների թվում են արհեստական մենաշնորհների ի սպառ վերացումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Մասնավորապես, ընդգծվում է, որ եռամսյա ժամկետում կառավարությումը մտադիր է քրեականացնել ապօրինի հարստացումը, և վեցամսյա ժամկետում ներդնել համապատասխան օրենքների կիրառում երաշխավորող մեխանիզմներ: Կառավարությունը նաև մտադիր է վեցամսյա ժամկետում զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, այդ թվում` համապատասխան խորհրդի ձևավորման սկզբունքների վերանայման միջոցով, ընդլայնել հրապարակային պաշտոնյաների շրջանակը, որոնք պատավոր են ներկայացնել եկամուտների և գույքի վերաբերյալ հայտարարագիր, ինչպես նաև իրականացնել շահերի բախումների հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը նպատակաուղղված միջոցառումներ, սահմանել կանխիկ գործարքների իրավական սահմանափակումներ: