Արմինֆո. Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրում՝ հրապարակված գործադիր մարմնի կայքում:
ՙԿառավարությունը գործելու է՝ նպատակադրված իրականացնելով հետևյալ ռազմավարական խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովում.
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կենսագործումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացում. ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը. ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացում. կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում. աղքատության դեմ պայքար և միջին խավի ընդլայնում. գործազրկության կրճատումսոցիալական արդարության հաստատում. հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ստեղծում են ավելացված արժեք. արտահանմանն ուղղված արտադրության խթանում. պետության կողմից աջակցություն արագ տնտեսական աճ ապահովող նոր ձևավորվող նախագծերին. Հայաստանի ճանաչելիության և երկրի նկատմամբ վստահության, ներդրումային գրավչության բարձրացում.
Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացում. պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում.
էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի շարունակական դիվերսիֆիկացիան. էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացում և մասսայականացում. շրջակա միջավայրի պահպանության բարելավում.
առողջապահության և կրթության ոլորտներում որակական աճի ապահովում.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շարունակական համագործակցություն Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման խթանման համար. սոցիալական աջակցության հասցեականության բարձրացում՚,- ասված է կառավարության ծրագրում: