Արմինֆո.Հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի է ունեցել Եվրաակումբի բացման արարողությունը:
Ակումբի բացմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հիշեցրել է, որ եվրաակումբների գաղափարը ծագել է ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում և այնուհետև տարածվել ամբողջ Եվրոպայում:
ՙՈւրախ եմ, որ այդ գաղափարը հետաքրքրել է հայ երիտասարդությանը:
Դա շատ խորհրդանշական է և վկայում է այն մասին, որ երիտասարդ հայերի եվրոպական ինքնությունը շատ ամուր է: Ակումբի գաղափարը պարզ է՝ եվրոպական ծրագրերին մասնակցելու, շփվելու և զարգանալու հնարավորություն ընձեռել երիտասարդությանը: Կարծում եմ, որ այդ գաղափարը լայն հնարավորություններ է բացում հայ երիտասարդների համար՝ հատկապես մարզերում բնակվող: Առաջին ակումբը բացվել է Գորիսում, երկրորդը բացում ենք Երևանուն՚,- նշել է դիվանագետը:
Նա նաև ցավով փաստել է, որ Եվրամիությունն այսօր լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: ՙՍակայն, հայ երիտասարդությանն իմ ուղերձը հետևյալն է՝ դրական տրամադրված եղեք Եվրոպայի նկատմամբ: Հայաստանը Եվրոպայի անքակտելի մասն է, Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, եվրոպական քաղաքակրթության օրրանը՚,- ասել է Սվիտալսկին: