Արմինֆո.Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա Ծռերի» զինյալ Պավել Մանուկյանի փաստաբանների բողոքը:
Ինչպես լրագրողներին հաղորդել է Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Վերաքննիչ դատարանը հերթական անգամ քաղաքական որոշում է կայացրել: Փաստաբանի ասելով, դատարանի որոշումը միանգաման սպասելի էր: «Իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը նույնպես դատարանի դահլիճում հայտարարել է, որ դատարանից այլ որոշում չէր էլ ակնկալում: Սակայն պաշտպանյալս դատի ժամանակ ներկայացրել է իր դիտարկումները, այդ թվում` այն անչությամբ, թե ինչու էր զավթվել ՊՊԾ գնդի տարածքը: Նա նաև փաստել է, որ գնդի տարածքի զավթումն ինքնանպատակ չէր. բարձրացվել էին մի շարք քաղաքական հարցեր: Սակայն դատավորին չէին հետաքրքրում պաշտպանյալիս նշած պատճառները, և նա մշտապես փորձում էր ընդհատել Պավելին», - նշել է Մանուկյանի փաստաբանը:
Պետրոսյանի ասելով, իր պաշտպանյալը նաև դատավորին ցույց է տվել իր ոտքերը, որոնց վրա երևում են վիրավորման հետքերը, ինչից ակնհայտ է, թե ինչ տրամաչափի զենք է կիրառվել նրան «վնասազերծելիս»:
«Նա խորապես վիրավորված է այն բանից, թե իր հետ ինչպես են վարվել: Իրեն վիրավորել են, ընդ որում ամենակոպիտ ձևով, և դա այն բանից հետո, երբ դրանից երկու օր առաջ ինքը պայմանավորվածության էր հասել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եղել էին բարձր մակարդակի բանակցություններ, և ձեռք էին բերվել պայմանավորվածություններ: Նա բազմիցս հայտարարել է, որ կնախընտրի մեռնել, քան գնդի շենքից կրակ կբացվի, որը կարող է ինչ-որ մեկի վնասել: Մանուկյանը վիրավորված է նաև այն բանից, որ չխնայեցին նաև իր որդուն, ով ընդամենը փորձել էր օգնել իրեն», - նշել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն ու նրա որդին` Արամ Մանուկյանը, վիրավորվել էին հուլիսի 27-ին «Սասնա Ծռերի» կողմից զավթված ՊՊԾ գնդի տարածքում: Նրանց վիրահատել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբավորման կողմից շենքերի, շինությունների, փոխադրամիջոցների, հաղորդակցության, կապի միջոցների զավթման, ապօրինին զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու համար: Օգոստոսի 23-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել էր փոխել Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը և ուժի մեջ էր թողել երկամսյա կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Օգոստոսի 18-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թղել նաև պավել Մանուկյանի նկատմամբ խափանմնա միջոցը: