Արմինֆո.Դեֆոլտի մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը կարող է բացասական ազդեցություն կունենա ներդրումների վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը:
«Դա քաղաքական հայտարարություն է, քանի որ տնտեսական ցուցանիշները չեն վկայում դեֆոլտի հնարավորության մասին: Նման հայտարարույթունները, հատկապես երկրի առաջին նախագահի կողմից, ում անձամբ ես համարում են լուրջ մարդ, կարող են անվստահություն և մտահոգություն ներշնչել ապագա ներդրողներին, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսական իրավիճակի վրա»,-ընդգծել է նա, կոչ անելով ձեռնպահ մնալ նման բարձրագոչ հայտարարություններից: Նրա կարծիքով, ՀԱՊԿ ՀԱԽ գագաթնաժողովի նախաշեմին նման լուրջ հայտարարություններով հանդես գալու համար պետք է լինեն լուրջ պատճառներ: «Չեմ կարող հասկանալ, թե ինչն է նրան դրդել խոսել տնտեսական աղետի մասին, քանի որ Հայաստանն ի վիճակի է կատարել իր ֆինանսական պարտավորությունները»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ: «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով`ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,- նշել էր Տեր-Պետրոսյանը:
ՀՀ Կենտրոնական բանկն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: «Դեֆոլտը, տվյալ դեպքում, նշանակում է պետության կողﬕց պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում: Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են ﬕ շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, ﬕջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»,-ասված է ՀՀ ԿԲ պատասխանում:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի արտաքին պարտքը 2016 թվականի վերջին կավելանա, ՀՆԱ-ի 43,7% -ից հասնելով մինչև 54,4%-ի: Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել էր նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով, միայն 2014- 2016 թվականներին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է $ 900 մլն: Մինչև տարեվերջ կառավարության պարտքը կհասնի $ 4,4 մլրդ-ի, իսկ Կենտրոնական բանկի պարտքը`$ 532 մլն-ի: Արդյունքում, ընդհանուր արտաքին պարտքը կկազմի մոտ 5 մլրդ: Իսկ ներքին պարտքը, ըստ ֆինանսների նախարարի, դոլարով արտահայտված, տարեվերջին կհասնի $ 934 միլիոնի: «Ընդհանուր հաշվով ընդհանուր պարտքը մինչև տարեվերջ կհասնի $ 5,9 մլրդ-ի», - ասել է նախարարը: Արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի մոտ 49%, իսկ ընդհանուր պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը`54.4%: