Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՙղարաբաղյան գործընթացում Թուրքիայի հնարավոր դրական դերի՚ մասին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարությանը, հիշեցրել է ապրիլի 22-ին Երևանում նրա արած հայտարարությունը, որում նույն Լավրովը բացասական է գնահատել Անկարայի ազդեցությունը բանակցային գործընթացի վրա:
Շարմազանովը, մասնավորապես, հիշեցրել է, որ ապրիլի 22-ին Երևանում Լավրովը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ Անկարայի հայտարարություններին, ընդգծել էր, որ դրանք բխել են ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի դիրքերից, հակասել խաղաղարար գործընթացի տրամաբանությանը և Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը: ՙԼավրովը բառացիորեն ասել է՝ Անկարայի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության ոչ թե խաղաղ, այլ ռազմական կարգավորման կոչեր էին՚,- նշել է փոխխոսնակը՝ ընդգծելով, որ հայկական կողմը լիովին համաձայն է Լավրովի այս դիրքորոշմանը:
Նա կրկին ընդգծել է, որ Անկարան չի կարող ներգրավված լինել ղարաբաղյան գործընթացում՝ իր սուբյեկտիվ, միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշման պատճառով: ՙՀայկական կողմը թույլ չի տա դա՚,- հավաստիացրել է փոխխոսնակը ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ներգործել Անկարայի վրա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և Հայաստանի սահմանների ապաշրջափակման հարցերում:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ՙԱյն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական փոխգործակցություն տարածաշրջանում, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՚,- հայտարարել էր Լավրովը:
Անկարան դրական է գնահատել ՌԴ ԱԳՆ ղեկավարի Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ որում, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին այդ հարցում և հանդես գալիս ՙԱդրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՚ շրջանակներում այդ խնդրի լուծման օգտին: ՙԱյս առնչությամբ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադրությամբ հետևում է կարգավորման գործընթացին և փորձում Ադրբեջանի հետ սերտ շփումների միջոցով նպաստել բանակցությունների առաջխաղացմանը՚,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում: