Արմինֆո. Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Անկարայի արձագանքը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Բալայանի խոսքով, եթե նա ցանկանում է դրական դեր խաղալ, ավելի լավ է հեռու մնա այդ գործընթացից և հանդես չգա նման անհեթեթ հայտարարություններով:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է Երևանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստի շրջանակներում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
ՙԱնկարան դրական է գնահատում ՌԴ ԱԳՆ ղեկավարի Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Առաջին հերթին Թուրքիան ցանկանում է խաղաղություն և կայունությունը Հարավային Կովկասում: Տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը: Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ռիսկ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության համար: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին այդ հարցում և հանդես գալիս ՙԱդրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՚ շրջանակներում այդ խնդրի լուծման օգտին: Այս առնչությամբ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադրությամբ հետևում է կարգավորման գործընթացին և փորձում Ադրբեջանի հետ սերտ շփումների միջոցով նպաստել բանակցությունների առաջխաղացմանը՚,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում: