Արմինֆո. Անկարան դրական է գնահատում ՌԴ ԱԳՆ ղեկավարի Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Trend-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
ՙԱռաջին հերթին Թուրքիան ցանկանում է խաղաղություն և կայունությունը Հարավային Կովկասում: Տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը: Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ռիսկ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության համար՚,- ասել են ԱԳՆ-ում:
Ըստ որում, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին այդ հարցում և հանդես գալիս ՙԱդրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՚ շրջանակներում այդ խնդրի լուծման օգտին:
ՙԱյս առնչությամբ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադրությամբ հետևում է կարգավորման գործընթացին և փորձում Ադրբեջանի հետ սերտ շփումների միջոցով նպաստել բանակցությունների առաջխաղացմանը՚,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը լրագրողներին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ՙԱյն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական փոխգործակցություն տարածաշրջանում, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՚,- հայտարարել էր Լավրովը:
Մինչդեռ պաշտոնական Երևանը շարունակում է ընդգծել, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել գործընթացից:
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԽԽՎ ամբիոնից Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը՝ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության: «Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից՚, - նշել է փոխարտգործնախարարը:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորման, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին: