Արմինֆո. Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, գտնում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
ՙԱյն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական փոխգործակցություն տարածաշրջանում, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՚,- հայտարարել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել էր, թե Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
ՙՄինսկի խումբը, ինչպես նաև Ռուսաստանը ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար: Վերջին ժամանակներս օրակարգում է գտնվում ՙօկուպացված ադրբեջանական տարածքներից, հատկապես՝ հինգ շրջաններից, Հայաստանի զինված ուժերի դուրս բերման հարցը՚: Մենք աջակցում ենք ցանկացած կարգավորման, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին՚,- նշել էր թուրք նախարարը: ԱԳՆ ղեկավարի համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելացնի այդ ուղղությամբ իր ջանքերը: