Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը չի համաձայնեցրել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
Նա նաև հայտարարել է, որ Պուտինը ոչ մի կերպ Հայաստանի ներքին քաղաքականության վրա չի ազդում: ՙԴա լիակատար անհեթեթություն է: Ռուսաստանը շատ նրբանկատորեն է վերաբերում այն բանին, որ ոչ մի երկիր չմիջամտի մեր երկրի ներքին գործերին, մենք էլ շատ զգուշավոր ենք, որ մեր գործողությունները չմեկնաբանվեն որպես միջամտություն այլ երկրների ներքին գործերին, առավել ևս՝ մեր մերձավոր գործընկերների, որոնց թվին է պատկանում Հայաստանը՚,- նշել է նա:
Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնում «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, որ նա ուղարկվել է Կրեմլի կողմից: