Արմինֆո. Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը երաշխավորված հայտարարում է, որ առողջապահության նախարարության կառուցվածքում ներկա փուլում բացառված են կոռուպցիոն ռիսկերը: «Առողջապահության նախարարության կառուցվածքում պետական գնումների շրջանակներում ներկայումս կոռուպցիա չկա և առաջիկայում չի լինի»,-հոկտեմբերի 13-ին հայտարարել է Ալթունյանը լրագրողներին, կառավարության նիստից հետո:
Ըստ նախարարի, կոռուպցիոն ռիսկերը ներկայացնելը չի մտնում իր պարտականությունների մեջ: Այնուամենայնիվ, ըստ նախարարի, իր նշանակումից հետո վերանայվել են բոլոր նորմատիվային ակտերը, որոնցով ներկայումս ղեկավարվում է նախարարությունը: Խոսելով համակարգում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հնարավորության մասին մինչև իր նշանակումը, Ալթունյանը նշել է, որ ինքը ոչ ժամանակ ունի, և ոչ էլ կոռուպցիայի գնահատման մասնագիտական փորձ: