Արմինֆո. Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արտաքսման հարցով նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԳՆ-ին: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մինչդեռ Ստեփան Գրիգորյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հիշյալ միջադեպի առնչությամբ որևէ տեղեկություն չի ստացել: ՙՀուսով եմ, որ ՀՀ ԱԳՆ-ը կփոխանցի ինձ այդ հարցի վերաբերյալ նյութերը: Գլխավորն այն է, որ ՙսառույցը կոտրվել է՚, և տեղեկություն է հայտնվել՚,- հայտարարել է Գրիգորյանը:
Ավելի վաղ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին՝ 08:00-ին, ժամանել է Շերեմետևո օդանավակայան, սակայն չի կարողացել մուտք գործել Ռուսաստանի տարածք, քանի որ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանի տարածք մուտքի արգելքի առկայության պատճառով:
Ստեփան Գրիգորյանը Մոսկվա էր մեկնել 2014թ Ռուսաստանում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։ ՙԻնձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր արվում «ՌԴ մուտք գործելու կարգի մասին՚ դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին: Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում որևէ գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։ Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին, ովքեր մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը /Հայաստան/ ակտիվորեն համագործակցում է եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և տարբեր ժողովրդավարական հիմնադրամների հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։ Բացի այդ, մենք չենք թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում՝ հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի՚,- Facebook-ի իր էջում գրել է Գրիգորյանը: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ը ուսումնասիրում է այդ հարցը, և արդյունքները կներկայացվեն ավելի ուշ: