Արմինֆո.Երևանից Սիրիա է թռել մարդասիրական օգնությամբ երկրորդ ինքնաթիռը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Օդանավակայանում ինքնաթիռը ճանապարհել են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և Երևանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Առաջին համանման ինքնաթիռը Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազայում վայրէջք էր կատարել անցած երեքշաբթի: Հայաստանի ԱԳՆ-ն ՌԴ պաշտպանության նախարարության գործընկերներին երախտագիտություն է հայտնել մարդասիրական օգնության փոխադրման համար:
Ինչպես հաղորդել է ՌԴ ՊՆ տեղեկատվության վարչությունը, առաջին չվերթով Ռուսաստանի ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռն Էրեբունի օդանավակայանից Հայաստանի բնակիչների կողմից Սիրիայի բնակչությանը շուրջ 40 տոննա պահածոյացված մթերք, բանջարեղեն, թխվածքներ, ալյուր և շաքար է փոխադրել:
«Ինտերֆաքսը», վկայակոչելով պաշտպանական գերատեսչությունը, հաղորդել է, որ մարդասիրական օգնությունը ռուսաստանցի զինվորականները կհասցնեն Սիրիայում ռազմական գործողություններից առավելապես տուժած բնակավայրեր:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ հաղորդել էր, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ առաջիկա օրերին Սիրիա կթռչեն մարդասիրական օգնություն փոխադրող երկու ինքնաթիռներ`հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցություն ցույց տալու նպատակով: