Արմինֆո. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնուըթյան հետ կապի վարչությունից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում կազմակերպության աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար և ընդգծել, որ Հայաստանի դիվանագիտությունը շատ տեսանելի և կառուցողական դերակատարություն է ծավալել միջազգային ասպարեզում, ոչ միայն իր առաջնայնությունների առումով, այլև ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ արդյունավետ համագործակցությունը, ու շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջնորդության, նախաձեռնությունների և գործադրած ջանքերի համար՝ ուղղված ՄԱԿ-ի կանոնադրության արժեքների, նպատակների ու սկզբունքների առաջ մղմանը։
Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Բան Կի-մունը Էդվարդ Նալբանդյանին հանձնել է իր հեղինակած գիրքը, որում ամփոփված է վերջին տաս տարիներին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա գործունեությունը։
Նյու Յորքում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի հանդիպել է նաև Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների միջև համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Այս առումով կարևորվել են փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ տարեցտարի խորանում են գործարար կապերը, ընդլայնվում է առևտրաշրջանառությունը, որն արդեն կազմում է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ Իրաքի արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է երկրում կայունության հաստատման, ահաբեկչության դեմ մղվող պայքարի մասին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջային մի շատ հրատապ խնդիրների շուրջ։
Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ: Հանդիպմանը մտքեր էին փոխանակվել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։ Նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հույս էր հայտնել, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար: