Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն Արծվիկ Մինասյանին ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարի պաշտոնում չի տեսնում: Սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
Նրա ասելով, վարչապետը մտադիր է այդ պաշտոնում այլ մարդու նշանակել, իսկ ՀՅԴ համար տարբեր նախարարական պաշտոններն ինքնանպատակ չեն, հետևաբար, մտադիր են շարունակել աջակցությունն այն ծրագրերին, որոնք նպատակաուղղված կլինեն իրենց բարձրաձայնած խնդիրների լուծմանը: Արծվիկ Մինաստանը նաև հավելել է, որ իր համար անընդունելի է «էկոնոմիկա» բառի բացակայությունը Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն անվանման մեջ:
Մինասյանը նաև նշել է, որ առաջարկություններ է ստացել այլ ոլորտներում աշխատելու վերաբերյալ, սակայն չի ճշտել, թե` հատկապես որ ոլորտում: Անդրադառնալով ճշտող հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է բնապահպանության նախարարի պաշտոնին, Մինասյանը հայտարարել է. « Այլ ուղղություններ»: Ընդ որում նա հավելել է, որ ինքը միայնակ չի որոշում, թե ինչ պաշտոն զբաղեցնի, այդ հարցը կքննարկվի ՀՅԴ գերագույն մարմնի նիստում, որի որոշման մասին բոլորը կիրազեկվեն: Արծվիկ Մինասյանի հավաստմամբ, Կարեն Կարապետյանի հետ իր կամ ՀՅԴ հարաբերություններում ոչ մի լարվածություն չկա:
Նախօրեին Հայաստանի կառավարությունում տեղի են ունեցել կառուցվածքային բարեփոխումներ, որոնց համաձայն, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության: Այդ կառույցի կազմից առանձնանում է զբոսաշրջության ոլորտը, և ստեղծվում է զբոսաշրջության վարչություն: Հեռահաղորդակցության ոլորտը Էկոնոմիկայի նախարարությունից անցնում է Տրանսպորտի ու կապի նախարարությանը, որը վերանվանում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Արծվիկ Մինասյանը կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը: