Արմինֆո. Հայաստանին սպառազինության մատակարարումներն իրականացվում են միջպետական համաձայնագրերին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանի անկախության օրվա առթիվ զորահանդեսում ռուսական արտադրության նորագույն ռազմական տեխնիկայի ցուցադրումը, որոնց թվում էին «Իսկանդեր» ՕՄՀՀ համակարգերը:
«Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ պետություններ են, սակայն սպառազինության մատակարարումներով զբաղվում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Այդ մատակարարումներն իրականացվում են միջպետական համաձայնագրերին համապատասխան», - հայտարարել է Մարիա Զախարովան:
Նշենք, որ Երևանում կայացած զորահանդեսում ներկայացվել են հայրենական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց մարտավարական տվյալներով չեն զիջում արտասահմանյան նմուշներին, ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական կայաններ, մոտոհրաձգային և զրահատանկային տեխնիկա, «Տ-72» տանկեր, զրահամեքենաներ, ինքնագնացներ, «Շտուրմ Ս» հակատանկային համալիրներ, հակատանկային ինքնագնաց կայանքներ, գնդացիրներ, «Գրադ», «Տայֆուն», «WM 80», «Սմերչ», «Կոնկուրս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա ՈՒ», «Սկադ» մարտավարական հրթիռային համալիրներ, «Իսկանդեր» օպերատիվ-մարտվարական հրթիռային համալիր, «Օսա-ԱԿ(Մ)» արդիականացված համալիրներ, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» արդիականացված զենիթահրթիռային համալիրներ, «Ս300» հրթիռային համալիրներ: