ԱրմԻնֆո: Հայ ազգային կոնգրեսն ակտիվ մասնակցություն կունենա հոկտեմբերի Գյումրիում և Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա կարծիքով, ինչպես ՏԻՄ ընտրություններին, այնպես էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն արհեստական և շինծու քաղաքական ուժեր, որոնց խնդիրն իրական ընդդիմությունից ձայներ խլելը կլինի: ՙՆրանք փորձում են պառակտում մտցնել ընդդիմության շարքերում, որպեսզի ընտրողը չկարողանա կողմնորոշվել՚,- ընդգծել է նա:
Ըստ որում, պատգամավորը հայտարարել է, որ ՀԱԿ-ն այլընտրանք է կառավարող ռեժիմին: Նրա խոսքով, Կոնգրեսը շարունակում է հանդես գալ լիակատար իշխանափոխության օգտին, ինչի համար Ընտրական օրենսգրքում հերթական փոփոխությունների քննարկման ընթացքում կփորձի հասնել ռեյտինգային քվեարկության մասին դրույթների չեղարկմանը: ՙՄենք ձգտելու ենք խաղաղ իշխանափոխություն իրականացնել՚,-նշել է Մանուկյանը:
Քաղաքական գործիչն ավելացրել է նաև, որ Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքերը զգալիորեն խարխլվել են: ՙՆրանք լավ հասկանում են, որ թույլ են, և դրա ապացույցը քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակման մասով զիջումներն են՚,- նշել է Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ներդրումից հետո ընտրություններն ավելի արդար կընթանան:
Նշենք, որ սեպտեմբերի իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները 444 ձևաչափով նոր փաստաթուղթ են ստորագրել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման շուրջ: Նոր փաստաթուղթը նախատեսում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, կեղծարարության վերաբերյալ կեղծ վկայության համար պատժի խստացման մասով ուղղումներ Քրեական օրենսգրքում, ձայների վերահաշվարկի և արդյունքների բողոքարկման ժամկետների ավելացում, ինչպես նաև քվեարկության ընթացքում ընտրատեղամասերից առցանց հեռարձակման ապահովում: Ընտրական գործընթացների նկատմամբ վերաահսկողության լրացուցիչ մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ էր 9 մլն դոլար, որը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, գտնվել է ԵՄ, ԱՄՆ և այլ դոնոր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ: