Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցությունը գոհ է սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նրա ասելով, սեպտեմբերի 18-ին ՀՀԿ օգտին տրված ընտրողների շուրջ 70% ձայները չեն կարող չգոհացնել կուսակցությանը: «Ժողովրդի ցանկացած ընտրություն արժանի է հարգանքի, սակայն 70% վստահության քվեն գոհացուցիչ և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող գործոն է: Հաշվի առնելով դա` մենք պետք է աշխատենք էլ ավելի ջանադրաբար` մեր ընտրողների դրական ակնկալիքներն արդարացնելու նպատակով», - հայտարարել է փոխխոսնակը:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքում կեղծարարության մասին ընդդիմության և հասարակական կազմակերպությունների մեղադրանքներին` Շարմազանովը բոլոր նրանց, ովքեր ընտրախախտումների վերաբերյալ որոշակի փաստեր ունեն, խորհուրդ է տվել դիմել լիազոր կառույցներին: «Դե իսկ մենք մեր կողմից հետևողական կլինենք, որպեսզի բոլոր մեղավորները պատիժ կրեն», - ամփոփել է փոխխոսնակը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Հայաստանի 317 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմումներ ներկայացնելու համար սահմանված ժամկետում թիվ 20 և թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 8 դիմում՝ թվով 11 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ: ԿԸՀ հաղորդման համաձայն, տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Ընտրական հանձնաժողովներում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացվել են նաև ընտրություններին առնչվող 142 այլ դիմումներ: Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն ընտրական հանձնաժողովների կողմից: Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, տեղի դիտորդների հավաստմամբ, անցել են բազմաթիվ իրավախախտումներով և կեղծարարություններով: Մասնավորապես, «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունը և «Թրանսփարենսի ինթերնշնլը» հաղորդում են, որ նախօրեին ողջ ընտրական գործընթացի ժամանակ բազմաթիվ խախտումների մասին ահազանգեր են ստացվել: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ուրիշի փոխարեն քվեարկություններին, քվեաթերթիկների առևանգմանն ու լցոնմանը, ընտրատեղամասերից դուրս քվեարկությանը, ընտրողների ահաբեկմանը, ընտրատեղամասերում հերթերի գոյացմանը, բազմակի քվեարկությանը, լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտմանը: Էջմիածին քաղաքում գործը հասել է թեկնածուներից մեկի առևանգմանն ու ահաբեկմանը, որին, ըստ ԶԼՄ-ների, մեղսակից են գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու` գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետի պաշտոնի թեկնածուն, ում ծեծել էին, դեռ հիվանդանոցում է: Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցությունը կազմել է 49%: Քվեարկության ընդհանուր արդյունքներն առայժմ հայտնի չեն: