Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին շնորհավորել է «Միասնական Ռուսաստանին» Պետական Դումայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան Դմիտրի Անատոլիի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ հաստատում են այն բարձր հեղինակությունը, որն ունի Ձեր ղեկավարած կուսակցությունը: Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ընտրությամբ արտահայտել են լայն աջակցություն «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականությանը, որն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը: Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը շարունակելու փոխադարձ վստահության վրա հիմնված միջկուսակցական երկխոսությունը՝ նպատակ ունենալով լայնորեն աջակցել հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրի հետևողական ամրապնդմանը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն և նոր հաջողություններ»,-ասված է ՀՀ նախագահի ուղերձում:
Ինչպես արդեն հաղորդվել էր, նախօրեին Ռուսաստանում յոթերորդ գումարման Պետդումայի ընտրությունների նախնական տվյալների համաձայն, «Եդինայա Ռոսիայի» օգտին քվեարկել է ընտրողների 54,16%-ը:
ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններն անցնում են խառը համակարգով. 225 պատգամավոր կընտրվի համամասնական ընտրակարգով, 225-ը` մեծամասնական ընտրակարգով: