Արմինֆո. ՙԻսկանդեր-Մ՚ ռուսական նորագույն օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները գտնվում է ՀՀ ԶՈւ սպառազինությունում, և բոլոր խոսակցությունները, թե դրանք գտնվում են ռուսական 102-րդ ռազմակայանի հաշվեկշռում, շահարկումներ են կամ պրոֆեսիոնալ անգրագիտություն: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ սպառազինության մի մասը, որը ցուցադրվելու է Անկախության օրվա առթիվ Հայաստանում անցկացվելիք զորահանդեսում, գտնվում է ռուսական 102-րդ ռազմակայանի հաշվեկշռում:
ՙՍպառազինության մի մասը, հնարավոր է, հայկական կողմին է հանձնվել Հայաստանում տեղեկայված 102-րդ ռազմակայանի հաշվեկշռից: Այնուամենայնիվ, օգտագործվող այդ սպառազինութունը պատկանում է Հայաստանի զինված ուժերին և գտնվում է վերջինիս հաշվեկշռում՚,- նշել է Մինասյանը՝ ընդգծելով, որ հատկապես բանավեճեր են ծավալվել ՙԻսկանդեր-Մ՚ ռուսական նորագույն օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների պատկանելիության հարցի շուրջ: Սակայն, փորձագետի խոսքով, այդ համալիրները ոչ միայն երբեք 102-րդ ռազմակայանին չեն պատկանել, այլև Հայաստան են մատակարարվել ոչ $200 մլն վարկային համաձայնագրի հաշվին:
ՙՙԻսկանդեր-Մ՚ հրթիռային համալիրներն արդեն վաղուց մատակարարվել են Հայաստանին: Պարզապես այդ համակարգը պաշտոնապես ցուցադրվելու է սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ զորահանդեսի ժամանակ: Ավելին, այդ համակարգը հայկական կողմի սպառազինությունում է գտնվել դեռ մինչև ապրիլյան դեպքերը, և այն, ինչպես և հեռահար խոցման հայկական այլ համակարգերը, լիովին տեղավորվում է երկրի պաշտպանական տրամաբանության մեջ և իր ադեցությունն է ունեցել այդ իրադարձությունների ընթացքի վրա: Չմոռանանք, որ ապրիլյան էսկալացիան այդպես էլ խոշորամասշտաբ պատերազմի չվերաճեց: Ադրբեջանական բանակն, օգտագործելով հանկարծակիության գործոնը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի շատ տարածքների կամ պետական և ռազմական կարևոր օբյեկտների լայնամասշտաբ գնդակոծությունների չդիմեց՚,- նշել է Մինասյանը:
Փորձագետի համոզմամբ, դրա պատճառներից մեկը, ըստ երևույթին, այն էր, որ Ադրբեջանը տեղեկացված էր հայկական ԶՈւ հաշվեկշռում ոչ միայն ՙՏոչկա-Ու՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և ՍԿԱԴ հրթիռային համակիրների, այլ նաև ՙԻսկանդեր-Մ՚ համակարգի առկայության մասին:
ՙԱյլ բան է, որ ՙԻսկանդեր-Մ՚-ը օպերատիվ-մարտավարական մակարդակի համակարգեր են՝ չնայած թե Հայաստանի, Ադրբեջանի, թե Հարավային Կովկասի անվտանգության տարածաշրջանային համակարգի համատեքստում այդ համալիրները հանդիսանում են ռազմավարական մակարդակի համակարգեր և, համապատասխանաբար, նախատեսված են ռազմավարական մասշտաբի խնդիրների լուծման համար: Խնդիրների իրականացման համար, որոնք ապրիլին հայկական կողմը դրել է իր առջև, ՙԻսկանդեր-Մ՚-ի օգտագործումը պարտադիր չէր՚,- նշել է քաղաքագետը:
Խոսելով Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ նախատեսվող զորահանդեսի մասին՝ նա նշել է, որ դա արդեն ձևավորված ավանդույթ է: ՙՆախորդ զորահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, և այս առնչությամբ շահարկումներն անտեղի են: Մյուս կողմից՝ զորահանդեսները ռազմական, ռազմաքաղաքական, հոգեբանական զսպման որոշակի և ակնհայտ գործիք են՚,- ասել է Մինասյանը:
ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը Հանրապետության հրապարակում ՙԻսկանդեր-Մ՚ համալիրների ցուցադրությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում հավաստիացրել է, որ այդ համալիրները գտնվում են 102-րդ ռուսական ռազմակայանի հաշվեկշռում, այլ ոչ թե՝ հայկական ԶՈւ սպառազինությունում, և դրանց օգտագործման մասին որոշում է կայացնելու Մոսկվան, այլ ոչ թե՝ Երևանը: ՙ102-րդ ռազմակայանում ՙԻսկանդեր-Մ՚ մի քանի հրթիռային համալիրի տեղակայումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, քանի որ Գյումրիի ռազմակայանը պահպանում է հայ-թուրքական սահմանը՚,- նշել է փորձագետը՞
Նրա խոսքով, եթե մարտական գործողությունները սահմանափակվեն Ղարաբաղով, և եթե համակարտությանը չմիջամտի Թուրքիան, Ռուսաստանը ևս զերծ կմնա որևէ գործողությունից: Ըստ որում, Խրամչիխինը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսումը գործնականում անխուսափել է, քանի որ կողմերի դիրքորոշումները մնում են փոխբացառող, և ոչ Ռուսաստանը, ոչ այլ մեծ տերությունները չեն կարող հրամայել Բաքվին և Երևանին չպատերազմել:
Մեկ այլ ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն իր հերթին ԱրմԻնֆո-ին հայտարարել է, որ Հայաստանում 102-րդ ռազմակայանի առկայությունը՝ իր ժամանակակից սպառազինությամբ, հանրապետության անվտանգության կարևոր տարր է և Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների վկայություն:
ՙՀայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, վկայում է այն մասին, որ պաշտոնական Երևանը միայնակ չի մնալ արտաքին սպառնալիքի հանդեպ, և այնպիսի հզոր կազմակերպությունը, ինչպես ՀԱՊԿ-ն է, կատարելու է արտաքին մարտահրավերներից ու սպառնալիքներից գործընկերների պաշտպանության իր դաշնակցային պարտավորությունները՚,- եզրափակել է ռազմական փորձագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրի տեքստի համաձայն, հանրապետության ԶՈՒ ձեռք կբերեն 9Կ58 «Սմերչե համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկե ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրսե հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մե համալիր, «Տիգրե զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլենե հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶե մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶե մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ): Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Իսկ կանխավճարը կկազմի 10%։
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ զորահանդես, որի ընթացքում կցուցադրվի հայկական ԶՈւ հաշվեկշռում առկա սպառազինությունը և տեխնիկան: